ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Կոալիցիաները երբևէ չեն ենթադրել բարձրակարգ պրոֆեսիոնալների ներգրավում կառավարման համակարգ

Կոալիցիաները երբևէ չեն ենթադրել բարձրակարգ պրոֆեսիոնալների ներգրավում կառավարման համակարգ
14.11.2008 | 00:00

ՏՐՈՀՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ
Նախագահական ընտրություններից հետո բազմիցս հնչել են կանխատեսումներ, որ 2007-ի խորհրդարանական ընտրություններից հետո Ռոբերտ Քոչարյանի անմիջական ազդեցությամբ ձևավորված ներկայիս կառավարող կոալիցիան բոլորովին չի համապատասխանում այն խնդիրներին ու նպատակներին, որոնք իր առջև դրել է նոր նախագահը։ Մի կողմ թողնենք, սակայն, ներկայիս փուլում երկրորդական նշանակություն ունեցող հանգամանքները և անդրադառնանք Հայաստանում կոալիցիաների ձևավորման արդյունավետության խնդրին, որը ներկայիս տնտեսական և ֆինանսական ճգնաժամի պայմաններում առանձնակի հրատապություն է ձեռք բերում։
Փաստ է, որ մինչ օրս ձևավորված կառավարող կոալիցիաները կամ կոալիցիոն կառավարություններն աչքի չեն ընկել գործունեության առանձնակի արդյունավետությամբ։ Ավելին, փորձելով ընդօրինակել հիշյալ կառավարման ձևի արևմտյան մոդելը, կոալիցիա ձևավորող հայաստանյան կուսակցություններն այն վերածել են տիպիկ արևելյան երևույթի։ Կոալիցիաները Հայաստանում երբևէ չեն ձևավորվում գաղափարական-ծրագրային հենքի վրա, դրա համար էլ այնտեղ նույն հաջողությամբ «բնավորվում» են ինչպես բացարձակ աջ ազատական գաղափարախոսություն և տնտեսավարման սկզբունքներ դավանող, այնպես էլ տնտեսական ծրագրերով ձախ կողմնորոշում ունեցող կամ սոցիալիստական համարվող կուսակցությունները։
Իրականում կամ գործնականում տեղի է ունենում պորտֆելների կամ նախարարությունների պարզ բաշխում կամ իշխանության կիսում նախագահի և խորհրդարանում մեծամասնություն ձևավորող քաղաքական ուժերի միջև։ Բայց հենց այդ իրողությունն էլ առաջացնում է բազմաթիվ խնդիրներ կառավարման համակարգում։ Որպես կանոն, պորտֆելների բաժանումից հետո յուրաքանչյուր կուսակցություն իրեն բաժին հասած նախարարության գլուխ կարգում է յուրայիններից որևէ մեկին։ Նշանակման այսպիսի կարգը հիշյալ նախարարի համար արդեն իսկ ապահովում է անձեռնմխելիության որոշակի աստիճան։ Այսինքն, եթե անգամ տվյալ նախարարը վատ է աշխատում, որպես կանոն, չի հեռացվում պաշտոնից, որովհետև այդ պաշտոնում է նշանակվել կուսակցական քվոտայով, կուսակցության հայեցողությամբ։ Հետևապես, նախագահը կամ վարչապետը նրանից ունեցած դժգոհությունների պարագայում անգամ, հանուն կառավարող կոալիցիայի պահպանման, հարկադրված են լինում շատ անգամ աչք փակել վատ աշխատանքի վրա, որովհետև հակառակ պարագայում հիշյալ նախարարին պաշտոնից ազատելը կարող է հանգեցնել կոալիցիոն ճգնաժամի։ Մանավանդ որ կուսակցական քվոտայով նշանակվող նախարարները, ըստ բազմիցս շրջանառված լուրերի, այդ պաշտոնը ստանալու համար նախօրոք «մուծվում են» տվյալ կուսակցության ղեկավարությանը, դրանով իսկ ավելի մեծացնելով իրենց անկախության աստիճանը։ Ստացվում է, որ մարդը լավ աշխատի թե վատ, միևնույն է, նստելու է այդ պաշտոնում, որովհետև չի բացառվում, որ գնել է այն։
Կառավարող կոալիցիաների հաջորդ խոցելի կողմը կառավարման համակարգում յուրաքանչյուր նոր կոալիցիայի ձևավորումից հետո իրականացվող անհիմն կադրային փոփոխություններն են։ Գաղտնիք չէ, որ որևէ կուսակցություն, այս կամ այն նախարարական պորտֆելը ստանձնելով, միաժամանակ իրավունք է վերապահում իրեն այդ նախարարությունում իր նշանակած նախարարի միջոցով իրականացնել կադրային ռոտացիա։ Արդյունքում կառավարման ոլորտ են մտնում այս կամ այն կուսակցական պատկանելությունն ունեցող, բայց անհրաժեշտ պրոֆեսիոնալիզմի և գիտելիքների չտիրապետող մարդիկ։
Եվ վերջապես, կոալիցիաների հաջորդ, ոչ պակաս կարևոր և բացասական դրսևորումը։ Կոալիցիոն կառավարությունների ձևավորման արդյունքում որոշ նախարարությունների պատասխանատվությունը ստանձնած կուսակցությունն իրեն իրավունք է վերապահում տնօրինելու ոչ միայն հիշյալ համակարգերի կադրային քաղաքականությունը, այլև նյութական միջոցները։ Տարիներ անց պարզվում է, որ տարբեր ոլորտներում տեղի են ունեցել բացահայտ չարաշահումներ, անթաքույց հափշտակումներ, և այդ ամենը կատարվել է կոալիցիայի մաս կազմող և պետական կառավարման ամբողջական ոլորտներ տնօրինող կուսակցության ամենաբարձր ղեկավարության գիտությամբ ու թողտվությամբ։ ՈՒշադրության է արժանի այն հանգամանքը, որ, որպես կանոն, կառավարող կոալիցիաների ձևավորումից առաջ դրա մասնակից կուսակցությունները հայտարարում են, թե կոալիցիոն կառավարությունը կառավարման արդյունավետ ձև է այն տեսանկյունից, որ մասնակից կուսակցություններն իբր վերահսկելու են միմյանց, և դրանով հնարավոր չարաշահումներն ավելի կնվազեն։ Գործնականում տեղի է ունենում ճիշտ հակառակը. պորտֆելների բաժանումից հետո ոչ մեկը չի խառնվում մյուսի գործերին, և յուրաքանչյուրն իշխանությունից իրեն բաժին հասած ոլորտում անում է այն, ինչ ուզում է։
Ներկայիս համաշխարհային ֆինանսական և հասունացող գլոբալ տնտեսական ճգնաժամի պայմաններում Հայաստանում կառավարման այս ձևն արդեն սպառում է իրեն։ Ինչպես աշխարհը, այնպես էլ մեր փոքր երկիրը մտնում է մի ծանր փուլ, երբ պետությունը հարկադրված է լինելու հաշվել իր տրամադրության տակ եղած յուրաքանչյուր լուման՝ սոցիալական խնդիրների ծանր բեռան տակից դուրս գալու համար։ Հայաստանում արդեն ամբողջական ոլորտներ են դադարեցնում գործունեությունը։ Համաշխարհային ճգնաժամի պատճառով աստիճանաբար կանգ է առնում հանքարդյունաբերությունը, կան շատ հիմնավոր կանխատեսումներ, որ կանգ է առնելու նաև շինարարությունը։ ԱՄՆ-ից, Եվրոպայից ու Ռուսաստանից Հայաստան մտնող բազմամիլիոն տրանսֆերտները, որոնք շատ էական օժանդակություն են գործազրկության պայմաններում ապրող բնակչության զգալի հատվածի համար, տնտեսական ճգնաժամի պատճառով նույնպես կկրճատվեն։ Այլ կերպ ասած, կրկին գալիս է մի փուլ, երբ երկիրն իր բնակչության անապահով հատվածի, գոնե նպաստառուների ու թոշակառուների կարիքները հոգալու համար հարկադրված է լինելու ձգել գոտին։ Սա ենթադրելու է ունեցած բոլոր միջոցների խիստ խնայողական և նպատակային օգտագործում, ինչը չի հաջողվել անել առայսօր գործող որևէ կոալիցիոն կառավարության պայմաններում։ Որովհետև կոալիցիաները Հայաստանում «քաղաքական» են։ Համենայն դեպս, դրանք երբևէ չեն ենթադրել բարձրակարգ պրոֆեսիոնալների ներգրավում կառավարման համակարգ՝ կոալիցիա կազմած կուսակցությունների քվոտաներով։ Իսկ ճգնաժամի պայմաններում արդյունավետ կարող են կառավարել բացառապես անկուսակցական պրոֆեսիոնալները։ Գալիս է տեխնոկրատների նոր կառավարության ժամանակը։
Վ. ՍԱՀԱԿՅԱՆ

Դիտվել է՝ 4518

Մեկնաբանություններ